Տեղի է ունեցել բասկետբոլի խաղահրապարակի բացումը

Աննա Կոստանյան 1.12.2022 - 17:34
1.12.2022 - 17:34 դիտում

Տեղի է ունեցել Չայկովսկի փողոցի հարևանությամբ կառուցված բասկետբոլի խաղահրապարակի բացումը, որին ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը։ Խաղահրապարակը կառուցվել է Բասկետբոլի Ա-լիգայի «Միավորվենք» արշավի շրջանակներում։ Բասկետբոլի Ա-լիգայի նախորդ՝ 2021/22 մրցաշրջանում բասկետբոլիստների հավաքած խաղային միավորների քանակով արշավի բյուջեում հավաքված գումարով սկսվել է բացօթյա խաղահրապարակի կառուցումը Գյումրիում: Նախաձեռնությունը իրագործվել է Բադալյան եղբայների աջակցությամբ:
650 քմ մակերեսով ցանկապատված խաղահրապարակում, շնորհիվ լուսավորության, հնարավոր է խաղալ նաև երեկոյան ժամերին: Խաղահրապարակն ունի հատուկ ռետինե ծածկույթ, որը ոչ միայն թույլ է տալիս խուսափել վնասվածքներից, այլև դիմացկուն է Գյումրու եղանակային պայմանների համար:
Չայկովսկի փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում բաստկետբոլի խաղահրապարակ կառուցելու թույլտվության համար այս տարվա սկզբին համայնքապետարան էր դիմել «Բասկետբոլի Ա-Լիգա» հասարակական կազմակերպությունը։ Խաղահրապարակի կառուցման հարցը քննարկվել էր ավագանու նիստում և ստացել դրական եզրակացություն, որից հետո սկսվել էր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ