Տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Աստղիկ Խաչատրյան 26.09.2023 - 19:08
26.09.2023 - 19:08 դիտում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնը և Յենս Պլյոտները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակ Էկատերինա Կասինջը:

«Նախագահ Միշելը միացավ մասնակիցներին՝ կարճ մտքերի փոխանակման համար: Եվրամիությունը մասնակիցներին առաջարկել է մտքեր փոխանակել տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ: Եվրամիությունը ուշադիր հետևում է այս բոլոր զարգացումներին և ամենաբարձր մակարդակով ներգրավված է քաղաքացիական բնակչության համար ռազմական գործողությունների հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությանը: ԵՄ-ն այս համատեքստում վերահաստատել է անցած շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը:

Հիքմեթ Հաջիևը ուրվագծել է Ադրբեջանի կողմից մարդասիրական օգնության տրամադրման և տեղի բնակչության անվտանգության ապահովման ծրագրերը: ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկությունն ու հասանելիությունը, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում Ղարաբաղի հայությանը։

Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաև կարծիքներ փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում:

Մասնակիցները ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել հստակ քայլերի շուրջ, որոնք առաջիկա հնարավոր հանդիպման ժամանակ կարող են առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, օրինակ՝ սահմանների սահմանազատումը, անվտանգությունը, հաղորդակցությունները, հումանիտար հարցերը և խաղաղության պայմանագիրը:

Անհրաժեշտ են հստակ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։

ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանն իրենք հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար՝ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- նշված է ԵՄ հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ