Տարաձայնություններ ՆԱՏՕ-ում՝ Ուկրաինային զինելու հարցով

25.03.2022 - 19:33 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձում է համոզել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ տանկեր մատակարարել Ուկրաինային, ինչը հանգեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ նրա տարաձայնությանը՝ գրում է The Times-ը։

Նախագահ Զելենսկին երեկ տեսաուղերձի ժամանակ դիմել էր Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին և խնդրել հարյուրավոր տանկեր ու ինքնաթիռներ տրամադրել, որոնք, ըստ Զելենսկու, Ուկրաինային պետք են Ռուսաստանին դիմակայելու համար:

Ջոնսոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան կցանկանար օգնել Կիևին, սակայն այդ հարցում լոգիստիկ խնդիրներ ունի։ Ուստի նա խնդրել է դա անել այն երկրներին, որոնք ավելի մոտ են Ուկրաինային։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն, կտրուկ դեմ է արտահայտվել Ուկրաինային տանկեր և ինքնաթիռներ մատակարարելուն, ինչը, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ին կներքաշի հակամարտության մեջ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դա կնշանակի անցնել «կարմիր գիծը»:

Մակրոնը, միաժամանակ, խոստացել է, որ Ուկրաինային զենքի մատակարարման հարցը կքննարկի դաշնակիցների հետ, որոնք պաշտպանում են նման տեսակետները։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ջոնսոնին անվանել է «ամենաակտիվ հակառուսական առաջնորդ» և կանխատեսել, որ նրա արտաքին քաղաքականությունը տանելու է փակուղի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ նշել է, որ գագաթնաժողովում երկրները պայմանավորվել են մեծացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային, սակայն չի հստակեցրել, թե արդյոք դրանց թվում կլինե՞ն տանկեր։ Բացի տանկերից՝ Զելենսկին ՆԱՏՕ-ին խնդրել է բազմաթիվ հակասուզանավային զենքեր, հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հունաստանը, Բուլղարիան և Սլովակիան հրաժարվել են Ուկրաինային տրամադրել իրենց С-300-ները՝ բացատրելով, որ այս դեպքում իրենք կհայտնվեն հարվածի տակ։

Միաժամանակ ՆԱՏՕ-ն պաշտպանության ամրապնդման ու զսպման ուժի ծրագրեր ունի, որոնք մանրամասն կքննարկվեն հունիսին։ Ստոլտենբերգի խոսքով՝ իրենք ավելի մեծ ուժեր կտեղակայեն դաշինքի արևելյան հատվածում։ Դրանք կներառեն զենքեր և ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության ուժեր, մարտական ​​խմբեր ծովում, սուզանավեր և ռազմանավեր, գրում է The Times-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ