Այսօր «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Այդ մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
Հանդիպումն անցել է ավանդական ձևաչափով և առանձնացել իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։
Բանախոսություններով հանդես են եկել շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բանախոսությունների՝ արդեն բոլորին հայտնի վերնագրերն են՝ «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան»։
Երաժշտական դադարն այս անգամ ներառել է երեք ելույթ՝ «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթի, «Շինուհայր» երգի-պարի համույթի և «Թև Թևի» ներառական զարգացման կենտրոնի սանի կողմից։
Հանդիպման ամենաաշխույժ հարցուպատասխանի հատվածում Տաթևի բնակիչները բարձրացրել են հարցեր, որոնք վերաբերում էին իրենց համայնքում առկա խնդիրներին, ժողովրդավարության և դրա պաշտպանության մեխանիզմներին, երիտասարդների շրջանում մշակութային կյանքի խթանմանը, ինչպես նաև շարժումը երիտասարդ սերնդին, հատկապես դեռահասներին և պատանիներին հասցնելու հնարավորություններին։
«Կրթվելը նորաձև է» ամենուր։ Շարժման 34-րդ հանդիպումը Տաթևում ևս մեկ անգամ ցույց տվեց՝ կրթության շուրջ ձևավորվող հանրային խոսքը դրական ազդեցություն է ունենում մտածելակերպի և արժեհամակարգի փոփոխության գործում:
Դուք նույնպես կարող եք միանալ այս համընդհանուր առաջընթացին՝ գրանցվելով հետևյալ հղումով:
Ստորև առաջիկա հանդիպումների օրերը.
– Մայիսի 31 Վանաձոր
– Հունիսի 7 Սիսիան
– Հունիսի 8 Գորիս
– Հունիսի 15 Արտաշատ
– Հունիսի 21 Մարալիկ
– Հունիսի 28 Երևան
– Հուլիսի 6 Աշտարակ
– Հուլիսի 13 Մարտունի