Վրաստանում պահանջում են թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դադարեցումը և էկոնոմիկայի նախարարի հրաժարականը

Աստղիկ Խաչատրյան 14.03.2021 - 20:05
14.03.2021 - 20:05 դիտում

Վրաստանի Քութայիս քաղաքի կենտրոնում բողոքի բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, ինչպես նաև երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի հրաժարականը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:

«Մեր գլխավոր պահանջն է չեղարկել կառավարության որոշումը, որով նախատեսվում է Ռիոնի հարթավայրի փոխանցումն արտասահմանյան ներդրողին: Երկրորդ պահանջն է չեղարկել «Էնկա» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Երրորդ՝ 2015 թ-ից ի վեր տրամադրված բոլոր փաստաթղթերը պետք է լուծարվեն և, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,- ասել է ցույցի կազմակերպիչը՝ ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ:

Նրա խոսքով՝ հավաքվածների մի մասը մտադիր է գիշերել կենտրոնական հրապարակում տեղադրված վրաններում:

Ակտիվիստներն արդեն չորս ամիս է, ինչ բողոքում են Նամախվան ՀԷԿ-ի կասկադի կառուցման դեմ: Նրանք վրանային քաղաք են տեղակայել շինարարական աշխատանքների գոտում, որոնք իրականացվում են թուրքական «Էնկա» ընկերության կողմից:

Ինչպես ցուցարարները պնդում են, այն տարածքում, որը նախատեսվում է հատկացնել շինարարությանը, տասնյակ բնակելի տներ և անտառներ են գտնվում, իսկ ՀԷԿ-ի կառուցումն ազդեցություն կունենա կլիմայի և լանդշաֆտի վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ