Վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիք նոր շենքում բնակարան է ստացել

Աննա Կոստանյան 7.12.2023 - 17:47
7.12.2023 - 17:47 դիտում

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացնել բնակարաններ: 5 բնակարաններն առաջարկվում է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված (կամ քանդման ենթակա) և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին ու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, շենքի կառուցումն ավարտված է, շենքը հանձնված է Պետական գույքի կոմիտեի տնօրինությանը: Ըստ նախարարի՝ պետական միջոցները կազմել են շուրջ 682 միլիոն դրամ: Նախկին 2 շենքերը 38 բնակարան ունեին, այս պարագայում բնակարանների թիվը 43 է: Մակերեսային համեմատությամբ նախկին 2 շենքերի ընդհանուր մակերեսը 1800 քմ էր, նորինը՝ 2700, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր սեփականատերերն իրենց նախկին բնակմակերեսից ավելի մեծ բնակմակերեսով բնակարաններ կստանան: «Եթե նախկինում բնակիչը 2 սենյակ ուներ, հիմա ևս երկու սենյակ կունենա, ուղղակի՝ մակերեսները մեծ: Հաշվի են առնվել նաև հաշմանդամություն ունեցողների կարիքները: Այս որոշման արդյունքում 43 ընտանիքի 118 անձի բնակարան կնվիրենք»,- ասել է նախարարը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ շահագործման կհանձնվի մեկ սենյականոց 16 բնակարան, երկու սենյականոց՝ 14 բնակարան, երեք սենյականոց՝ 12, չորս սենյականոց՝ 1 բնակարան:

Թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վթարային շենքերը լիկվիդացնելու հետ կապված խնդիրներին. «Գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են սարքել, և ընտանիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան, և պրոբլեմը մեզ համար մնացել է նույնը: Եվ մենք ահուդողով սպասում ենք, ասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց և այլն: Հիմա երաշխավորե՞լ ենք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին բնակարաններում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում՝ սա պետք է արագ կազմակերպել և ժամանակացույցով, հստակ վթարային շենքը հողին հավասարեցնել»:

ՏԿԵ նախարարի խոսքով՝ նոր բնակարանի սեփականությունը վթարային շենքի բնակիչները ստանալու են, երբ հրաժարվեն հին բնակարանի սեփականությունից։ Ըստ նախարարի՝ գործընթացն ավարտելուց հետո երկու ամսում Ապարանում շենքերը կքանդվեն։ Վարչապետը հանձնարարել է տրամադրել կոնկրետ ժամկետներ՝ վթարային երկու շենքերը քանդելու վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ