Վերջին 5 տարում ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը

Աննա Կոստանյան 29.07.2021 - 13:51
29.07.2021 - 13:51 դիտում

Վերջին օրերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել  21,900 հայաստանցի:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք այս տվյալները համապատասխանում են իրականությանը և ինչպիսի՞ն է եղել պատկերը նախորդ տարիներին։

Վերջին 5 տարում ՌԴ անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիների թիվը

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության՝ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 21,909 քաղաքացի։

Նախորդ տարի՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածում, ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել 14,133 քաղաքացի, իսկ ամբողջ տարվա կտրվածքով ՌԴ անձնագիր է ստացել 30,538 հայաստանցի։

ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացի է դարձել Հայաստանի 11,165  քաղաքացի: Իսկ ընդհանուր 12 ամիսների ընթացքում 2019 թվականին այս երկրի քաղաքացիություն է ստացել 24,024 ՀՀ քաղաքացի, գրեթե այնքան, որքան այս տարվա կեսին։

2018 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել և ՌԴ անձնագիր է ստացել 12,989 քաղաքացի, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 27,134 քաղաքացի։

2017 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 25,144։ 2016-ին Հայաստանի 22,264 քաղաքացի է ռուսական անձնագիր ստացել։

Այսպիսով, 2016 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունիս ամիս Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել, ընդհանուր առմամբ, 151,013 Հայաստանի քաղաքացի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է վերջին տարիների ընթացքում դեպի Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների արտահոսքի ռեկորդ՝ 21,909 քաղաքացի։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ