Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ-ի կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության նկատմամբ հսկողության իրականացման, արտակարգ իրավիճակի պայմաններում ոլորտի հանրապետական մակարդակի համակարգման, այս ոլորտներին առնչվող պարտադիր ապահովագրության, պահանջների սահմանման և չափորոշիչների մշակման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության նոր կառուցվածքին, Երևանի և մարզային փրկարար վարչության տիպային կառուցվածքին:
Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացին, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, ահազանգի սպասարկմանը, փրկարար ծառայողի պատրաստմանը և վերապատրաստմանը, Փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովվածությանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքներ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացի ուղղությամբ: Վարչապետը կարևորել է համաժամանակյա աշխատանքների իրականացումը գեոպորտալում արտադրական վտանգավոր օբյեկտները լրացնելու և պոտենցիալ վտանգ ներկայացնող գույքերի հայտնաբերման ուղղությամբ: