Վարչական պատասխանատվություն է նախատեսվում սահմանել զինվորական համազգեստի ապօրինի կրման համար

Աննա Կոստանյան 13.04.2023 - 15:22
13.04.2023 - 15:22 դիտում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զիծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոս՝ ներառյալ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում են նշված տույժը կիրառելու իրավասության սահմանները:

Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի: Սահմանվում են զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող միջոցառման մասնակցելու, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ կրող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքներ:

Վարչական պատասխանատվություն է սահմանվելու զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստի ապօրինի կրման համար:

Սահմանվելու է նաև համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության, տեղակայման, իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր կամ լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքը՝ բացառությամբ պաշտոնական բնույթի հրապարակումների: Նախատեսվում է առանց իրավասու վերադաս հրամանատարին՝ պետին, գրավոր տեղեկացնելու ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ