Վարձակալելու պատրվակով շինարարական ապրանքներ են վերցրել, էժան գնով վաճառել. համացանցային խարդախություններ են բացահայտվել

1.06.2024 - 14:44 դիտում

Մայիսի 24-ին Մասիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել խարդախության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ տվյալների` Մասիս քաղաքի երկու բնակիչ և մի երևանցի սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությամբ` վարձակալության տրվող շինարարական հենասյուներ վարձակալելու պատրվակով շինարարական ապրանքները անձանցից վերցնում, տեղափոխում են Մասիս և շուկայականից էժան գնով վաճառում:

Տեղեկությունները ստուգվեցին հնարավորինս արագ, ինչի շնորհիվ արդյունք ստացվեց նույն օրը: Պարզվեց, որ 34-ամյա մասիսցի և 33-ամյա երևանցի տղամարդիկ սոցիալական կայքում տեղադրված հայտարարության նշված հեռախոսահամարով կապվել են Օշական գյուղի մի բնակչի հետ, յոթ հազար դրամով վարձակալելու պայմանով պատվիրել են շինարարական հենասյուներ:

Այնուհետև մասիսցի 24-ամյա երիտասարդի և մի երրորդ անձի միջոցով կազմակերպվել է ավելի քան 400 մետր հենասյուների տեղափոխումը Մասիս` 37-ամյա տղամարդու տուն: Հենասյուները 400 հազար դրամով վաճառելու վերաբերյալ գնորդի հետ պայմանավորվել էին նախօրոք:

40-ամյա երևանցի գնորդի նշած վայր տեղափոխելու համար 24-ամյա մասիսցին պայմանավորվել էր 59-ամյա համաքաղաքացու հետ, որի բեռնատար «ԳԱԶելով» էլ փորձում են իրականացնել այս վերջին գործողությունը:

Սակայն մայիսի 24-ին՝ ժամը 19.10-ին, Մասիսի ոստիկանները խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալում են 24-ամյա և 59-ամյա տղամարդկանց և տեղափոխում ոստիկանության Մասիսի բաժին: Երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան ու գողոնով բարձած «ԳԱԶելը» տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք:

Հաջորդ օրը Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների և օպերատիվ նոր տեղեկությունների արդյունքում հայտնի են դառնում խարդախության նոր դրվագներ:

Պարզվում է, որ նույնկերպ՝ խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ապրիլի 29-ին նրանք մի երևանցուց հինգ հազար դրամով իբր վարձակալել են մոտ 200 մետր հենասյուներ, որոնք տեղափոխել են Մասիս և 300 հազար դրամով վաճառել:

Նույնը կատարվել է նաև ապրիլի 26-ին:

Այս անգամ խարդախները իբր վարձակալել են կաղապարներ` օրական երկու հազար դրամով, դրանք տեղափոխել Նորաբաց գյուղ և 24 կաղապարը վաճառել 300 հազար դրամով:

Քննությանն առայժմ այսքանն է հայտնի: Բոլոր տուժածներից ընդունվել են հաղորդումներ: Գործողություններ են ձեռնարկվում հանցագործության մյուս մասնակիցներին և հափշտակված կաղապարները հայտնաբերելու ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ