Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ի հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով մարզի բնակիչ է ձերբակալվել. ՔԿ ձայնագրություն

Աստղիկ Խաչատրյան 24.05.2024 - 19:21
24.05.2024 - 19:21 դիտում

ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան New Armenia Blog ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունները պարզված երկու անձանց միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակիչների, նյութապես շահագրգռելու եղանակով, 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև՝ նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է։
Իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու, դեպքին առնչություն ունեցող բոլոր անձանց ի հայտ բերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ