«Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ԱԱԾ

Աննա Կոստանյան 25.04.2022 - 17:46
25.04.2022 - 17:46 դիտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ, բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը:

Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված տարաբնույթ և տակտիկապես համակարգված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե.-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով, վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9 500 000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20 000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք, որից 10 000 ԱՄՆ դոլար գումարը ս.թ. ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է Ա.Գ.-ի կողմից մատնանշած անձ Ա.Ռ.-ին, ինչից անմիջապես հետո վերջինս և Ա.Գ.-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ:

Կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում Ա.Ռ.-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող և հատուկ քիմիական մշակման ենթարկված 10 000 ԱՄՆ դոլար գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ա.Գ.-ն և Ա.Ռ.-ն ձերբակալվել են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ