Վահագն Ալեքսանյանը՝ աշխատանքի ժամին հավաքների մասնակցող ՀԷՑ-ի աշխատակիցների մասին

2.07.2025 - 13:49 դիտում

Ամենայն հավանականությամբ, հուլիսից ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի Կառավարությունը, և բոլոր այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած՝ կզբաղվեն ցանկացած այլ բանով, բնականաբար, պետք է ազատվեն աշխատանքից, որովհետև ՀԷՑ-ում շատ ավելի շատ աշխատանք կա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից:

«Այսինքն՝ եթե կան մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացիների հոսանքի դիմաց վճարած գումարի դիմաց փոխանակ գնան, այդ մարդկանց հոսանքը սարքեն, այնպես անեն, որ այդ մարդկանց հոսանքը խափանումներ չունենա, նորմալ աշխատի, և գործի ժամին գործի փոխարեն զբաղված են ուրիշ բանով, այդ թվում՝ քաղաքական խարդավանքներով, կազատվեն»,- ասաց Ալեքսանյանը:

Հարցին՝ որտեղից պատգամավորին նման տեղեկություն, որ կան մարդիկ, որոնք գործի ժամին գործ չեն անում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ ՀԷՑ-ում մարդկանց, աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգներին»:

Վահագն Ալեքսանյանը նաև նշեց՝ չի հավատում, որ նույնիսկ 1-2 աշխատող լինի, որ միտինգներին ինքնակամ մասնակցի:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, իսկ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ