Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

24.12.2022 - 21:22 դիտում

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին:

Այնուհետև նախարար Պապիկյանին են ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:

Պաշտպանության նախարարը ներկա է եղել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը:

Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ:

Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:

Ավելի ուշ տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ:

Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ