Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Աստղիկ Խաչատրյան 14.05.2024 - 20:06
14.05.2024 - 20:06 դիտում

Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ:

Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել տարբեր հանգստյան գոտիներում եղևնիների, սոճիների ծաղկափոշին շնչելով:

Հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բուժմանը ավելացնում են կամ որպես միակ բուժման միջոց ընտրում են հենց այդ տարբերակը:
Եղևնիների ծաղկափոշին, ինքնին ալերգեն չէ, սակայն շնչելու ընթացքում բազմաթիվ ալերգեններ կարող են ներթափանցել օրգանիզմ և գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում` հիվանդության արտահայտված սրացում, անգամ` կյանքին վտանգ սպառնացող վիճակներ։

Կարևորելով բնության, մաքուր օդի կարևորությունը առողջության համար` պացիենտները պետք է հաշվի առնեն իրենց հիվանդության առանձնահատկությունները։

Այս հիվանդությունների կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանիշներին` ալերգիկ ռինիտն արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով, առկա է նաև վերջնական բուժման եղանակ։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս արդի, ուղեցույցային բժշկության շնորհիվ հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։

Ժամանակին սկսված բուժման արդյունքում հիվանդությունը չի ազդում պացիենտի կյանքի որակի և տևողության վրա, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ` բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ»,- խորհուրդ է տվել ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ