Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ

Աննա Կոստանյան 13.03.2024 - 18:45
13.03.2024 - 18:45 դիտում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը: Կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն` ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով: Օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը կնպաստի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը: Մասնավորապես` սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:

Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել ջրի կորուստների կապակցությամբ, ներկայացրել առաջարկներ` ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ