Սեպտեմբերի 1-ից ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը

21.08.2022 - 15:00 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝  մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող  փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի կամ ենթամթերքի վաճառքը:

Այս պահին՝ գիշերները և առավոտյան, ոստիկանության հետ՝ Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա և Երևանի մեծածախ շուկաներում, իսկ սեպտեմբերի 1-ից՝ արդեն բոլոր մարզերում կանցկացնեք դիտարկումները»,- նշեց Գեորգի Ավետիսյանը, չբացեռելով՝ այս պահին ոչ սպանդանոցային մորթի միս վաճառվում է՝ հատկապես այն մարզերում, որտեղ սպանդանոցների թիվը դեռ քիչ է:

 

Նշենք, որ օրինակ Շիրակի մարզում այս պահին միայն երեք սպանդանոց է առկա:

«Բարդ է մեր ռեսուրսներով ամբողջը վերահսկել, բայց, կարծում եմ, ժամանակի հարց է և մսավաճառները կհասկանան, որ պետք է վերադառնան իրավական դաշտ: Ամեն դեպքում, մենք մեր պլանային ստուգումների արդյունքում մսի վաճառքով զբաղվող՝ լինի խանութ, թե հանրային սննդի օբյեկտ, բոլորի մոտ ստուգում ենք 5-րդ ձևի առկայությունը»,- նշեց Գեորգի Ավետիսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ