Սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է. ԶՊՄԿ-ի համասեփականատեր

Աննա Կոստանյան 1.10.2021 - 16:46
1.10.2021 - 16:46 դիտում

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ կառավարությունը ուրախ են հայտարարելու, որ Ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։

«Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ, հետևապես, անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021 թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60%-ը։

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն գործարքի իրականացումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է՝ վստահելի գործընկեր ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գործարքը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Շնորհակալություն ենք հայտնում «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ