Սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը: Սա երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 26 апреля 2025 г.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի օրը և Քաղաքացու օրը համընկել են, և շնորհավորել է բոլորին նաև Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի խոսքով՝ այս համընկնումը խորհրդանշական է, որովհետև և՛ քաղաքացին, և՛ սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, և այդ հենման կետը պետությունն է։
«Չի լինում քաղաքացի առանց պետության, և չի լինում սահման առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պիտի ընդգծեմ, որ դա շատ կարևոր գաղափարական վերափոխում է, ու այդ գաղափարական վերափոխման համատեքստում առանձնակի նշանակություն են ունենում սահմանը և սահմանապահը։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են Սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, Կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: «Որովհետև ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչներն էլ գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք Իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրինք, և որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն, բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ, սա մեր պետության, անկախության, ինքնիշխանության և զարգացման շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը՝ այս ընթացքում, անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: «Մյուս կողմից՝ ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր և բոլորիդ հայտնի բարդություններին՝ մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։
Իհարկե, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Սահմանապահ զորքերի զարգացման, և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար: Հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում և զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը: Բայց, մյուս կողմից, ինչպես մեր պետական բազմաթիվ այլ ինստիտուտներում, մենք ակնկալում ենք, որ Սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ իրենց քայլը կանեն, իրենց անհատական ջանքը կներդնեն, որպեսզի Կառավարության ներդրած ջանքերը լինեն առավել արդյունավետ»,- ասել է երկրի ղեկավարը՝ նկատի ունենալով, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացը, որը Սահմանապահ զորքերի զինծառայողների, պայմանագրային զինծառայողների ընտանիքների բարեկեցության ապահովման շատ կարևոր գործիք է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդը, որն առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է:
Վարչապետը նշել է՝ ակնկալում է, որ Սահմանապահ զորքերն առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման վրա:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Սահմանապահ զորքերի զինծառայողի օրվա առիթով և շնորհակալություն է հայտնել ծառայության համար, մաղթել բարի, խաղաղ ծառայություն:
Այնուհետև ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:
ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին: