Ռուսաստանը միշտ էլ դուրս է եկել ցանկացած անախորժություններից. այս անգամ էլ այդպես կլինի. Լավրով

Աննա Կոստանյան 30.06.2023 - 15:24
30.06.2023 - 15:24 դիտում

Ռուսաստանը միշտ էլ դուրս է եկել ցանկացած անախորժություններից, և դա նրան ավելի ուժեղ է դարձրել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով անցած շաբաթ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության՝ ՌԴ-ում զինված ապստամբության փորձը։ Այս մասին գրում է rt.com-ը:

«Ռուսաստանը միշտ էլ դուրս է եկել ցանկացած անախորժություններից, իսկ դա (ապստամբության փորձը) դժվարությունից ավելի ինչ-որ բան դժվար է որակել: Այն միշտ դուրս է եկել ավելի ու ավելի ամրացած ու ավելի ուժեղացած: Այդպես կլինի և այս անգամ: Ավելին, մենք արդեն զգում ենք, որ այդ գործընթացը սկսվել է»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:

Հիշեցնենք, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:

Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», «դանակով հարված Ռուսաստանի թիկունքին» և «դավաճանություն»։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության ղեկավարն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ