Ռուսաստանը ժամանակին օգնություն է ցուցաբերել Սիրիային, մնացածն Ասադի գործն էր. Պեսկով

Աննա Կոստանյան 11.12.2024 - 16:53
11.12.2024 - 16:53 դիտում

2015 թվականից հետո Ռուսաստանը օգնել է Սիրիային հաղթահարել ահաբեկիչներին և կայունացնել իրավիճակը, մնացածը կախված էր այս երկրի կառավարությունից:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ժամանակին կատարել է իր առաքելությունը և դրա վրա մեծ ջանքեր ծախսել։ Այնուհետև Բաշար ալ-Ասադի ղեկավարությունն աշխատել է սեփական երկրում և զբաղվել զարգացմամբ, սակայն իրադարձությունները հանգեցրել են այն իրավիճակին, որը կա այս պահին, բացատրել է Պեսկովը։

Նա նշել է, որ «այժմ պետք է դատել այն իրողություններից, որոնք գոյություն ունեն»։

Կրեմլը ոչինչ չի կարող ասել Սիրիայում ռուս զինվորականների թվի մասին, դա պաշտպանության նախարարության թեման է, ընդգծել է մամուլի քարտուղարը։

Պատասխանելով Սիրիայի նոր իշխանությունների հետ Ռուսաստանի շփումների արդյունքների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «դեռ շատ քիչ ժամանակ է անցել»։

«Հետևաբար, ես ավելի մանրամասն ոչինչ չեմ կարող ասել, բայց, իհարկե, մենք չենք կարող չշփվել նրանց հետ, ովքեր այժմ տեղում են և վերահսկում իրավիճակը, քանի որ այնտեղ են մեր օբյեկտները, առաջին հերթին մեր մարդիկ»,- հավելել է Պեսկովը:

Նոյեմբերի վերջին իսլամիստական խմբավորումների կոալիցիան հարձակում է սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Նոյեմբերի 30-ին իսլամիստները գրավել են Հալեպը, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Համան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը մտան Դամասկոս և հայտարարեցին Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալելու մասին։

Սիրիայի ղեկավարը բանակցություններ է վարել իսլամիստների հետ, հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այնուամենայնիվ, իսլամիստները հայտարարել են 10 միլիոն դոլարի պարգևատրություն այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել նախկին նախագահին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաշար ալ-Ասադն իր ընտանիքի հետ ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ապաստան են տվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ