Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ի բացահայտմանը, ըստ որի՝ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ են արել:
«ԱԱԾ կողմից Հայաստանում հերթական զինված հեղաշրջման փորձի բացահայտումից և տապալումից հետո այլևս ակնհայտ է, որ ռուսական բանակի կազմում գործող ԱՐԲԱՏ ստորաբաժանումը զբաղված է Հայաստանում քաղաքական տեռորիզմ և զինված հեղաշրջման կազմակերպմամբ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ ԱՐԲԱՏ ստորաբաժանումը գործում է ռուսական բանակի կազմում, փաստացի հանդիսանում է ռուսական բանակի ստորաբաժանում (և նշանակություն չունի, որ այնտեղ ազգությամբ հայեր են ծառայում), հետևաբար, ենթարկվում է ռուսական բանակի գլխավոր շտաբին, վերահսկվում է ռուսական հատուկ ծառայությունների ու, մասնավորապես, ռազմական հետախուզության (ГРУ) կողմից , ուստի այդ ծառայությունները տեղեկացված են այդ ստորաբաժանման բոլոր գործողությունների մասին։
Եթե ԱՐԲԱՏ-ը մարդիկ է հավաքագրել և մարզել ՌԴ զինված ուժերին պատկանող զորավարժարաններում Հայաստանում քաղաքական ահաբեկչություն և զինված հեղաշրջում իրականացնելու հապար, ապա դա տեղի է ունեցել կամ ռուսական ԳՇ և հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ, կամ, առնվազն, նրանց իմացությամբ։ Երկու պարագայում էլ ակնհայտ է ՌԴ այդ ծառայությունների ներգրավվածությունը այդ գործողություններում։
Հետևաբար, Հայաստանը.
Պետք է, առնվազն, բացատրություն պահանջի Ռուսաստանից այս դեպքի կապակցությամբ
Եվ, հաշվի առնելով փաստը, որ ՀՀ քաղաքացիները Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու անվան տակ հավաքագրվել են՝ Հայաստանի դեմ օգտագործվելու և զինված հեղաշրջում իրականացնելու համար, ապա.
Արգելել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը ռուսական բանակի ու ռազմական ստորաբաժանումների կազմում Ուկրաինայի դեմ պատերազմում
Սահմանել քրեական պատասխանատվություն ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ռուսական բանակի ու ռազմական ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ուկրաինայի դեմ պատերազմին
Նման դեպքերի բացահայտման պարագայում զրկել այդ քաղաքացիներին ՀՀ քաղաքացիությունից և արգելել նրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն
Սահմանել խիստ վերահսկողություն Հայաստանում գործող ռազմահայրենասիրական և ռազմամարզական կազմակերպությունների և կառույցների նկատմամբ՝ դրանք դնելով ՀՀ ԶՈՒ ուղիղ ենթակայության և վերահսկողության ներքո»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: