«ՌԴ-ն Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

Աննա Կոստանյան 31.10.2020 - 12:48
31.10.2020 - 12:48 դիտում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված անհապաղ խորհրդակցություններ սկսելու, ՀՀ-ին աջակցության տեսակները և չափը սահմանելու վերաբերյալ դիմումին: Խոսքն այն օգնության մասին է, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհրդակցություններ սկսելու՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար,դիմումի առնչությամբ հաստատում ենք ՌԴ հանձնառությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորությունների, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակում:

Այս պայմանագրի որոշ հոդվածներ մեկը մյուսի տարածքի նկատմամբ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում ենթադրում են հստակ գործողություններ:

Պայմանագրի համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:

Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու վերադառնալ առարկայական բանակցություններին՝ նպատակ ունենալով հասել հարցի խաղաղ կարգավորման՝ հիմնված ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի տասին Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների հիմնարար սկզբունքների վրա»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ