Ռուսական զորքերը մայիսի լույս 26-ի գիշերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ամբողջ երկրում հնչել են օդային հարձակման ազդանշաններ։ Հակաօդային պաշտպանության ուժերն աշխատել են Կիևի և Խարկովի վրա։ Խարկովում լսվել է տասից ավելի պայթյուն, փոխանցում է Current time-ը։ Հարվածների մասին տեղեկատվությունը հաստատել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ «Խարկովը և արվարձանները հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ են։ Քաղաքի որոշ հատվածներում լսվել են հզոր պայթյուններ»,- գրել է նա։ Կիևի և Խարկովի իշխանությունները հարձակման հետևանքների կամ հնարավոր վիրավորների մասին չեն հայտնել։ Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուն է ավերվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Բացի այդ, վնասվել են բնակելի շենքերի, օժանդակ շինությունների, ավտոտնակների, մեքենաների տանիքներ, ցանկապատ և գազատար։ Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Զապորոժիեի շրջանում Յուրկովկա գյուղում երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է տեղի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ «Կեսգիշերից հետո թշնամին հարվածել է Յուրկովկա գյուղին։ Հարվածել է մասնավոր տանը, այն ավերվել է։ Պայթյունի ալիքը վնասել է մոտակա տներն ու մեքենաները։ Վիրավորվել են 60-ամյա կին և 52-ամյա տղամարդ։ Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- նշել է նա։ Խմելնիցկիի շրջանում էլ վնասվել են մասնավոր տներ և բիզնեսներ, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Տյուրինը։ Ուշ երեկոյան ռուսական զորքերը հրետանային կրակ են բացել Սումիի մարզի Կոնդրատովկա գյուղի վրա, մեկ զոհ կա։ Այս մասին հայտնել է տեղի ռազմական վարչակազմը։ Զոհը 48-ամյա բնակիչ է։ Վիրավորվել է ևս մեկ քաղաքացիական անձ՝ 52-ամյա տղամարդ։ Նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ «Կրկնակի հարվածների սպառնալիքի պատճառով վիրավորին հիվանդանոց տեղափոխելը դեռևս հնարավոր չէ։ Երբ վտանգավոր իրավիճակը թույլ տա, նա կհոսպիտալացվի»,- հայտնել են վարչակազմից։