ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

2.07.2025 - 18:56 դիտում

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը ‘ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ֊ին։«Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ բողոք է հայտնվել ռուսական կողմին՝ կապված երկու երկրների միջև հարաբերություններին վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի հետ։ Ռուսական կողմին կրկին խորը մտահոգություն է հայտնվել մեր երկու հայրենակիցների մահվան և հունիսի 27-ին Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների բնակության վայրերում անցկացված խուզարկությունների ժամանակ նրանց ստացած ծանր մարմնական վնասվածքների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ միջադեպի վերաբերյալ ռուսական կողմի բացատրությունը հակասական է՝ հաշվի առնելով մահացած հայրենակիցների մարմինների վրա բռնության կոպիտ հետքերի առկայությունը և փորձագիտական կարծիքը։ Նշվել է, որ ռուսական լրատվամիջոցներում նկատվել են էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներ՝ կապված խուզարկությունների հետ, և որ անընդունելի է «էթնիկ հանցավոր խումբ» արտահայտությունների օգտագործումը ադրբեջանցիների նկատմամբ։ Մեկ անգամ ևս ուշադրության է ներկայացվել այն փաստը, որ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Ռուսաստանը կանցկացնի Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված օրենքի խախտումների մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննություն և կպատժի մեղավորներին։ Այս առումով նշվել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը որպես Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն ներկայացնելն անհիմն է։ Ընդգծվել է, որ ռուսական կողմի պնդումները «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհիմն են, և որ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ ձեռնարկված միջոցառումները իրականացվել են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան, և ներկայումս քննչական գործողություններ են ընթանում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Նշվել է, որ Ռուսաստանի օդային տարածքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի խոցումից հետո անհրաժեշտ համապատասխան միջոցներ չձեռնարկելու փաստը, որն անցյալ տարվա վերջից բացասաբար է անդրադարձել հարաբերությունների վրա, իրական իրավիճակը խեղաթյուրելու փորձերը, ինչպես նաև մեր երկրի դեմ ռուսական լրատվամիջոցներում մի շարք պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով ապատեղեկատվական արշավի իրականացումը անընդունելի են։ Ընդգծվել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կանցկացնի այս աղետի լիարժեք և թափանցիկ հետաքննություն, կբացահայտի և կհետապնդի մեղավորներին, ինչպես նաև տուժածներին կվճարի փոխհատուցում, և որ այս քայլերը մեծ նշանակություն ունեն երկկողմ հարաբերություններում բացասական տրամադրությունը վերացնելու համար։ Հանդիպմանը նաև նշվել է, որ երկկողմ հարաբերություններին բացասաբար ազդող գործոնների շարքում են վերջին 4-5 ամիսների ընթացքում Ռուսաստանի հասարակական-քաղաքական ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ադրբեջանական ժողովրդի դեմ արված հայտարարություններն ու ելույթները։ Այսպիսով, դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ռուսաստանի Դաշնության վերոնշյալ գործողությունները հակասում են երկու երկրների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգուն, առաջացնում են լրացուցիչ լարվածություն և բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա։ Ռուսական կողմին կոչ արվեց ձեռնարկել համապատասխան միջոցներ երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններում լարվածությունն ու բացասական տրամադրությունները վերացնելու համար»,֊ասվում է հաղորդագրության մեջ։ 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ