ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

Աննա Կոստանյան 2.06.2023 - 14:05
2.06.2023 - 14:05 դիտում

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Շեբեկինսկի քաղաքային շրջանի գնդակոծության մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը: Դեպքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան բնակավայրի ճանապարհի մի հատվածը: Արկի բեկորները դիպել են անցնող մեքենաներին, որոնցից մեկում երկու կին է եղել: Նրանք տեղում մահացել են ստացած վնասվածքներից: Երկրորդ մեքենայում կա երկու վիրավոր», – գրել է Գլադկովն իր Telegram ալիքում:

Նրա խոսքով՝ վիրավոր տղամարդկանցից մեկը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, իսկ երկրորդ տղամարդը՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Նրանց վիճակը ծանր է:

Բացի այդ, 11 արկ է արձակվել Տիշանկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Բելգորոդում հայտարարված է ահաբեկչական վտանգի «դեղին» (բարձր) մակարդակ: 15 սահմանամերձ բնակավայրերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանված:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, այս գիշեր Ռուսաստանի Սմոլենսկի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի ղեկավարները հայտնել են անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին:

Ուկրաինայից ևս հայտնել են, որ գիշերը Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա են արձակվել անօդաչուներ և թևավոր հրթիռներ, որոնք, ըստ իշխանությունների, խոցվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ