ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը

Աստղիկ Խաչատրյան 23.02.2024 - 20:12
23.02.2024 - 20:12 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի կառույցներում, քանի որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները:

Ռուսաստանի ԱԳՆ-ը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Դրանից ելնելով՝ «Մոսկվան ակնկալում է Երևանի սպառիչ պարզաբանումները, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ի կառույցներում Երևանի «մասնակցության սառեցման» մասին Փաշինյանի խոսքը»:

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ «Մոսկվան կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները ՀԱՊԿ-ի՝ Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ»:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Երևանը ցուցադրաբար նախընտրել է ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ից դիտորդներ հրավիրել:

Մոսկվան հույս է հայտնել, որ «Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է լուծվեն վստահության վրա հիմնված երկխոսության միջոցով»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ