Նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության կապակցությամբ Իրանը մայիսի 22-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել:
Այս մասին հայտարարել է Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին, որը նշանակվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման կոմիտեի ղեկավար։
«Նախագահի հուղարկավորության արարողության հետ կապված՝ երկիրը չորեքշաբթի հանգստյան օր է հայտարարում»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։
Նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին Մաշհադում՝ երկրի հյուսիս-արևելքում։
Իրանի նահանգներում բազմահազարանոց սգո երթեր են տեղի ունենում։ Քաղաքացիները ցավակցում են Ռաիսիի և նրա գործընկերների մահվան կապակցությամբ։ Հանրահավաքների ժամանակ իրանցիները կրում են նախագահի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ավիավթարի մյուս զոհերի դիմանկարները:
Մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում կործանվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։
Նրա հետ թռչում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի գվարդիայի ղեկավարը։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։