ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրականացվող գործողություններից:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչը կայացրել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում»,- ասում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում: