ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ

Աննա Կոստանյան 23.05.2025 - 16:07
23.05.2025 - 16:07 դիտում

Մայիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 13:15-ի սահմաններում «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Մերսեդես»-ի վարորդի, մահացածի և կայանված «ՎԱԶ 2107» մակնիշ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որը, սկզբնաղբյուրի տեղեկություններով, տուն վերանորոգող է եղել և նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել:

Քննիչի հանձնարարականով՝ «Մերսեդես»-ը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի մարզի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ «Մերսեդես»-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ