Պետք է թույլատրվի մարդասիրական այլ օգնության առաքումը դրա կարիքն ունեցող անձանց. ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գրասենյակը՝ Լաչինի միջանցքի մասին

Աննա Կոստանյան 17.08.2023 - 00:00
17.08.2023 - 00:00 դիտում

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գրասենյակի գործողությունների և շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Էդեն Վոսորնուն ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի մեկնարկին նշեց, որ գրասենյակն այժմ հնարավորություն չունի ճշտելու տեղեկությունները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին:

Սակայն, ներկայացուցչի խոսքով, գրասենյակը ծանոթ է ընթացիկ հաղորդագրություններին, այդ թվում՝ պարենի և դեղորայքի անբավարարության մասին տեղեկություններին:

«Ընդհատված է էլեկտրամատակարարումը, ջրի մատակարարումը: Տեղյակ ենք նաև, որ առողջապահական ծառայությունները, բուժծառայությունները, այդ թվում՝ վիրահատությունները, ընդհատվել են: Մեր գրասենյակը մշտական կապի մեջ է ԿԽՄԿ հետ, որը մինչ օրս միակ միջազգային կազմակերպությունն է, որը գործում է այդ տարածքում: Կազմակերպության՝ հուլիսի 25-ի հայտարարության համաձայն, արդեն մի քանի շաբաթ հնարավոր չի եղել մարդասիրական օգնություն հասցնել այդ տարածք:

Թեպետ բժշկական տարհանումները շարունակվում են, ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել տարածք՝ հուլիսի 7-ից ի վեր, պարենի առաքումները դադարել են հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն ընդգծել է, որ պարենի և բժշկական պարագաների անբավարարություն կա:

Մարդասիրական իրավունքը հստակ է՝ կողմերը պարտավոր են թույլ տալ և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ անցումը բոլոր քաղաքացիական անձանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Կողմերը պարտավոր են ապահովել մարդասիրական օգնություն տրամադրող անձնակազմի տեղաշարժի ազատությունը:

Ուստի կարևոր է, որ ԿԽՄԿ մարդասիրական առաքումը հնարավոր լինի վերսկսել որևէ ուղիով: ԿԽՄԿ-ն անում է ամեն ինչ, սակայն որպես կազմակերպություն այն կարող է հոգալ միայն մարդասիրական կարիքները:

Պետք է թույլատրվի մարդասիրական այլ օգնության առաքումը դրա կարիքն ունեցող անձանց: Կայուն լուծում պետք է գտնել, որպեսզի ապահովվի մարդկանց և ապրանքների կանոնավոր անցումը: Ես նաև հղում կանեի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, որով նա նշել էր, որ մարդասիրական իրավիճակը տեղում վատթարանում է և կոչ էր արել քայլեր ձեռնարկել անցումն ապահովելու համար:

Կողմերը պարտավոր են չխոչընդոտել և չքաղաքականացնել մարդասիրական որևէ գործունեություն: Մարդասիրական կարիքներին արձագանքելը չի նշանակում լեգիտիմացում կամ ճանաչում: Դա կողմնակալության դրսևորում չէ: Քաղաքական ազդեցության ենթակա չէ: Մեր գրասենյակը շարունակելու է աշխատել կողմերի հետ, որպեսզի ապահովվի մարդասիրական հասանելիությունը, որպեսզի բավարարվեն այս տարածքներում ապրող անձանց կենսական կարիքները:

ՄԱԿ-ի թիմերը Հայաստանում և Ադրբեջանում նույնպես բաց հաղորդակցության մեջ են այդ երկրների կառավարությունների հետ և լիովին պատրաստ են իրանցից կախված հնարավորն անել՝ մարդասիրական կարիքներին արձագանքելու համար»,- նշել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գրասենյակի ներկայացուցիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ