Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ին մեկնարկած նիստի օրակարգն սպառվեց. երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկվեցին և ընդունվեցին մի շարք նախագծեր, որոնցից մեկով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը:
Ինչպես հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանն էր հայտարարել՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի, և սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ արձանագրվեն: Այս համատեքստում նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ:
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն հայտարարել էր, որ ՀԷՑ-ի պետականացման կամ ազգայնացման գործընթացը նոր նախաձեռնությամբ է իրականացվելու՝ առանց նշելու ժամկետներ: