Պետական եկամուտների կոմիտեն կաշխատի նաև ոչ աշխատանքային օրերին

Գոհար Ստեփանյան 28.12.2020 - 14:33
28.12.2020 - 14:33 դիտում

Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Կառույցի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, մաքսային հսկողության, մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:

ՊԵԿ–ը հայտնում է նաև, որ տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ