ՊԵԿ-ը առաքանիներից հայտնաբերել է շուրջ 70 մլն դրամ արժողությամբ մոտ 1,5 կգ հաշիշի յուղ

Աննա Կոստանյան 12.04.2024 - 13:55
12.04.2024 - 13:55 դիտում

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Այսպես, ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ-ի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության բացթողնման բաժնի աշխատակիցները, «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Արդյունքում՝ 2 առաքանուց հայտնաբերվել է հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ երկուական տարա, որոնց ծավալը կազմել է 1195 գրամ։

Մաքսանենգության այս դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում՝ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ 2 միջազգային սուրհանդակային առաքանին «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության «Արաբկիր» սպասարկման սրահից ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել և ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ․ Ն․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփփինգ»-ի միջոցով թմրամիջոցների պարունակությամբ ներմուծված ևս 1 միջազգային սուրհանդակային առաքանու իրական ստացողը նույնպես հանդիսանում է Հ․Ն-ն։

Նշված տեղեկություններն իրացնելիս՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` նույն ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային հերթական առաքանին: Հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ`105 գրամ քաշով։

Մաքսային զննման է ենթարկել նաև ԱՄՆ-ից Է.Լ.-ի անվամբ ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Այս ծանրոցում նույնպես հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, որի քաշը կազմել է 105 գրամ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 4 ծանրոցի իրական հասցեատերը հանդիսանում է ձերբակալված Հ․Ն-ն։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 70 մլն դրամ:

Փաստերի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթի շրջանակում Հ.Ն.-ն ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ