Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 24.10.2022 - 17:19
24.10.2022 - 17:19 դիտում

Հակակոռուպցիոն պայքարի առումով ես չափազանց կարևորում եմ այդ գործով զբաղվող մարդկանց սոցիալական երաշխիքների համակարգը: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նաև դա անընդհատ քննարկում և խոսում ենք, և կրկին եմ ասում՝ շատ կարևոր է և ուրախ եմ, որ, ի վերջո, հանրությունն այս ուղերձն ընկալել է: Որովհետև ամեն անգամ, երբ հարց է ծագում, որ պետք է քննիչների, դատավորների, դատախազների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնել, առաջին ռեակցիան այն է լինում, որ այս երկրում այսքան սոցիալական պրոբլեմ կա, դուք էլի «էլիտայի», այսպես ասած, աշխատավարձն եք բարձրացնում և սոցիալական երաշխիքներ ստեղծում:

Բայց իրականում մենք դա անում ենք ոչ թե այդ մարդկանց համար, ովքեր աշխատավարձ են ստանում, այլ ժողովրդի, հանրության համար, որովհետև այդ մարդիկ ժողովրդի շահերը պիտի պաշտպանեն: Այստեղ էլ կոռուպցիայի կանխարգելման շատ կարևոր նպատակ կա, որ քննիչը, իր աշխատասենյակից դուրս գալով և փողոցում քայլելով, պետք է մարդկանց աչքերին ուղիղ նայելու բարոյական իրավունքը չկորցնի: Բայց մենք նաև նրա թիկունքը պետք է ապահովենք, որպեսզի այդ երևույթներն ավելի զորեղ չգտնվեն, քան այն առաքելությունը, որ հանրությունը, պետությունը, օրենսդրությունը դնում է նրանց առաջ»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է՝ ուրախ է, որ քաղաքական կամքը ոչ մի միլիմետրով չի նվազել:

«Սա շատ կարևոր է, որովհետև իշխանության գալով հեղափոխությամբ, շատ հեշտ է ասել՝ կոռուպցիայի դեմ կպայքարենք և այլն: Ճշմարտության ժամը հիմա է: Մենք, 4 տարուց ավելի իշխանության մեջ լինելով, այդ հնարավորություններին պոտենցիալ առնչվելով և այլն՝ որքանո՞վ է մեր քաղաքական կամքը մնացել նույնը: Ես ուզում եմ հստակ ասել, որ մեր քաղաքական կամքը նույնիսկ ավելացել է, ավելին, որովհետև այն ժամանակ գուցե մենք ի վիճակի չէինք, նույնիսկ ընդդիմադիր լինելով, գնահատել, թե կոռուպցիան ինչպիսի խորը և ողբերգական հետևանքներ է ունեցել և ունենում մեր իրականության վրա: Հիմա մենք դա գիտենք առավել մանրամասն, մենք ամեն օր առնչվում ենք այդ պրոբլեմի հետ, մենք ամեն օր մեր մաշկի վրա դա զգում ենք որպես պատասխանատու մարդիկ, ովքեր պետք է երկրի ճակատագրի հետ կապված խնդիրներ լուծեն:

Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել»,- նշել է վարչապետը:

Նա նշել է՝ մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությունների տեղ այլևս չունենք:

«Ես կոնկրետ՝ որպես Կառավարության ղեկավար, որպես ժողովրդի մանդատը ստացած պաշտոնյա, արձանագրում եմ, որ մենք այլևս չունենք ասելու վայ, գիտեք օրենքի այս կետը կարծես, բանկային գաղտնիքը, դատական համակարգը և այլն: Հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, պետք է այս մեխանիզմը լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի: Կրկին եմ ասում՝ սա քաղաքական նպատակահարմարության խնդիր չէ: Սա մեր պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է: Շնորհակալ եմ»,- եզրափակել է Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ