Անհավատալի է՝ ինչպե՞ս կարող է ԱԺ պատգամավորը նման տեքստ հնչեցնել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 3-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ռուսական կողմին խնդրում ու կոչ է անում՝ չտրվել մեր սադրանքներին:
«Պարոն Աղազարյանը քաղաքական գործչի ռեկորդային ստորին շեմ է սահմանել այսօր, և ես ուզում եմ ասել, որ իսկապես ամաչում եմ, որ ունեմ քաղաքական անցյալ պարոն Աղազարյանի հետ: Նա այսօր իր խոսույթով պղծել է այս ամբիոնը, պղծել է այս ինստիտուտը, պղծել է իր մանդատը: Առաջարկում եմ հրաժարվել այդ մանդատից և լքել այս շենքը ընդմիշտ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղից արձագանքեց՝ երկրորդում է գործընկեր Էդուարդ Աղաջանյանին, ապա հավելեց, որ կարծում է՝ բոլորն են երկրորդում:
«Մանդատագողերի վերջը միշտ պղծությունն է լինում»,- ասաց Ռուբինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս իր ելույթի ժամանակ անդրադարձավ Հովիկ Աղազարյանի հետ կապված միջադեպին՝ կարծիք հայտնելով, թե ուրիշ մարդ է ԱԺ դահլիճում նստած, և ուրիշ մարդ է եղել, ում ճանաչել են տարիներ շարունակ:
«Պարո՛ն Աղազարյան, քաղաքական այն հաշվարկը, որ արել եք, վստահաբար, ոչ մի տեղ չտանող հաշվարկ է: Ես նաև գիտեմ, որ դա նաև դուք գիտեք: Մնացել է ընդամենը մի բան, որ գաք այս ամբիոնի մոտ և ասեք՝ Կիլիկիան իմ հայրենիքն է: Երբ Դուք դա անեք, լրիվ փազլը կհավաքվի ու կամբողջանա: Իրավունք չունեք այդտեղ նստեք, քանի որ չեք ծառայում ՀՀ-ին»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարեց, որ ցավում է, որ Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում խոսեց այն տեքստով, որով չպետք է խոսեր ԱԺ առաջ երդում տված անձը:
Հիշեցնենք, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթն ավարտել էր «Ռուսական կողմին խնդրում ու կոչ եմ անում՝ չտրվել մեր սադրանքներին» նախադասությամբ, որից հետո Ազգային ժողովում վիճաբանություն սկսվեց: Պատգամավորը հեռացվեց դահլիճից: