«Չենք հանդուրժի որևէ սխալ և սպառնալիք մեր սահմաններին». իրանցի գեներալը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել չհատել Թեհրանի սահմանած «կարմիր գիծը»

Աննա Կոստանյան 23.10.2020 - 18:02
23.10.2020 - 18:02 դիտում

Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված:

Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին, գրում է ISNA գործակալությունը:

Նա մատնանշել է հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի ընկնելը՝ կողմերին խորհուրդ տալով՝ չանցնել Իրանի կարմիր գծերը և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, այլապես՝ Իրանը չի հանդուրժի:

«Մենք չենք հանդուրժի հայ-ադրբեջնական հակամարտության ֆոնին որևէ սխալ և սպառնալիք Իրանի  Իսլամական Հանրապետության սահմաններին: Իրանի սահմանային շրջանների և Իրանի ժողովրդի անվտանգությունը մեր կարմիր գիծն է»,-ասել է գեներալը:

Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում հակամարտող կողմերը պետք է իրար միջև առկա խնդիրները լուծեն խաղաղ և երկխոսության միջոցով:

«Նախազգուշացնում ենք, որ խստորեն կվարվենք ցանկացած ագրեսիայի կամ սպառնալիքի հետ»,-ասել է Շեկարչին՝ ընդգծելով, որ ԼՂ գոտում ռազմական գործողություններն ազդել են Իրանի Իսլամական Հանրապետության որոշ սահմանային տարածքների վրա, տեղի են ունեցել ավերածություններ:

«Ուստի մենք շեշտում ենք, որ երկու երկրները պետք է երկխոսության միջոցով լուծեն իրենց խնդիրները և չհատեն Իրանի կարմիր գծերը, այլապես հաստատ կզղջան»,-ասել է գեներալը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ