Ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Նիկոլ Փաշինյան

3.05.2023 - 19:49 դիտում


Մայիսի 3-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հանդիպումը նույն հարթակո՞ւմ է, ինչ Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպման ձևաչափը, այդտեղ նույն հարցե՞րն են քննարկվում, և հետաքրքրվել՝ ո՞ւմ որոշմամբ է Ռուբեն Ռուբինյանը մեկնել Վաշինգտոն:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ինքն արդեն ներկայացրել է ԱԺ դատին:

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առաջարկների փաստաթուղթ կա սեղանին: Հանձնարարել եմ, որ ԱԳՆ-ն ձեզ ծանոթացնի այդ փաստաթղթին՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական առաջարկներին, չեք ուզել»,- շեշտել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է մեկնել իր քաղաքական որոշմամբ:

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե հնարավո՞ր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձևաչափով:

«Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է: Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որևէ դրական կամ բացասական մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել եմ՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախի թեմային ու հայտնել, որ քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ֆիքսված կետ չկա, Արցախի կարգավիճակի մասին հարցին չի կարողանա պատասխանել:

«Երբ բանակցություններն Ադրբեջանի հետ արդեն փակված լինեն, տեքստը պատրաստ լինի, ու ես հայտարարեմ՝ մեկնում եմ խաղաղության պայմանագիր ստորագրելու, այդ ժամանակ միայն կկարողանամ հստակ պատասխանել Արցախի մասով բանակցված տարբերակին»,- ասել է երկրի վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ