Ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում. Միրզոյանը՝ Լավրովի հետ ասուլիսին

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 13:07
21.05.2025 - 13:07 դիտում

Այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկուն էին և բավականին կառուցողական: Հարցերի շրջանակը լայն էր: Երկուստեք ընդգծել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքականության երկխոսությունը՝ հիմնված երկու երկրներից յուրաքանչյուրի շահերի և առաջնահերթությունների վրա: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ընդգծվել է, որ ընթացիկ տարին հագեցած էր և կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով:

«Սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ տիկին Մատվիենկոյի և նրա պատվիրակության այցին: Միջտարածաշրջանային ֆորում է տեղի ունենալու նաև:

Քիչ առաջ ստորագրեցինք երկու ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը առաջին 2 տարիների համար»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի՝ ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, ՀՀ-ՌԴ հարաբերություններում ևս տեսանելի և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները:

«Մենք ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում: Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում, և մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա:

Այս համատեքստում, իհարկե, հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հերթական անգամ: Քննարկել ենք դրա ընձեռող հնարավորությունները»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ