Ուկրաինական կողմը հարձակման է անցել և բոլոր ուղղություններում առաջընթաց ունի. Մալյար

Աննա Կոստանյան 26.06.2023 - 13:41
26.06.2023 - 13:41 դիտում

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Բախմուտի, Օրեխովո-Վասիլևկայի, Բոգդանովկայի, Յագոդնիի, Կլեշչեևկայի և Կուրդյումովկայի ուղղությամբ ուկրաինական զինուժն անցել է հակահարձակման և առաջընթաց է գրանցել։ Նա հավելել է, որ ռուսական ուժերը փորձել են առաջ շարժվել Կուպյանսկի, Լիմանի և Մարյինկայի ուղղությամբ, սակայն ապարդյուն։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, մեկնաբանելով մարտի դաշտում իրավիճակը, հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման գլխավոր հարվածը դեռ չեն հասցրել, այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում, քանի որ, Ռեզնիկովի խոսքով, ռուսական կողմը պաշտպանական հզոր գծեր է ստեղծել։

«Գլխավոր հարվածը ուժեղ կլինի և Ուկրաինային կմոտեցնի հաղթանակին»,- հավելել է նախարարը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, քննարկել պատերազմի ընթացքը և վերջին օրերին Ռուսաստանում զարգացումները։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին, մասնավորապես՝ Patriot զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու համար։ Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ