Ուժեղ քամու պատճառով ուշացել են «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքները

Աննա Կոստանյան 3.07.2021 - 12:55
3.07.2021 - 12:55 դիտում

Եղանակային բարդ պայմանների պատճառով այս գիշեր մինչև 5 ժամով ուշացել են «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքները, տեղեկացնում են ՀԿԵ լրատվական բաժնից:

Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով Շուլավերի (Վրաստան) – Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա:

Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00 երկաթուղայինները կատարում էին վթարային աշխատանքներ՝ վերականգնելով «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքների շարժը:

Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան – Բաթում (1 ժամ 55 րոպե) և Բաթում – Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի – Երևան (2 ժամ 37 րոպե) էքսպրեսը, ինչպես նաև Գյումրի – Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան – Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքները: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ:

Անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը կարող է հանգեցնել նաև այսօրվա ընթացքում գնացքների ուշացմանը: Խնդրում ենք ուղևորներին ճշտել տեղեկատվությունը ձեր քաղաքի կայարաններում:

Այսօր երկաթուղայինները կազմակերպել են երկաթուղու արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:

Հայցում ենք ուղևորների ներաղամտությունը պատճառած անհարմարության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ