Ուզում ենք, որ ԼՂ-ից բոլոր բռնի տեղահանվածները մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում. Փաշինյան

Աննա Կոստանյան 12.10.2023 - 13:07
12.10.2023 - 13:07 դիտում

Այն դեպքում, երբ ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա որևէ պատճառով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք, որ բոլորը՝ առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում: Եվ մեր քաղաքականությունն այս է լինելու»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ամեն օր ստանում է թվեր, թե ԼՂ-ից բռնի տեղահանված քանի մարդ է դուրս եկել ՀՀ-ից, և որ այս պահի դրությամբ նրանց թիվը 2500 է:

«Հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին, հարազատներին, ինչ-որ ժամանակ անցկացնեն այնտեղ և վերադառնան»,- ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ այժմ ժողովրդագրական, բնակարանների ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված ծրագրեր են մշակվում, և որ ամեն ինչ արվելու է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ-ում մնալու հնարավորությունները չսահմանափակվեն:

«ՀՀ-ն չէր ուզում, որ ԼՂ ժողովուրդը ստիպված լինի լքել իրենց տները, բայց եթե դա տեղի է ունեցել,- ինչու, ինչպես՝ դրա մասին խոսել ենք, և ենթադրում եմ՝ խոսելու առիթներ կլինի,- մենք գործով ապացուցեցինք, որ նույնպիսի գորովանքով ենք վերաբերվում ԼՂ-ի մեր քույրերի և եղբայրների կարիքներին, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ