Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկի չենք զիջի. ՀՀ վարչապետ

29.10.2022 - 14:39 դիտում

Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այն խնդիրներին, որոնք ծառացել են մեր առաջ, որոնց բախվել ենք, այն սխալներին, որոնք թույլ ենք տվել կամ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալուց հետո արձանագրած հաջողությունները թվարկելուց հետո

Վարչապետի խոսքով, սակայն, կա մի մեծ գլոբալ խնդիր, որը թերևս ի վիճակի է ծածկել նույնիսկ իրենց ունեցած բոլոր հաջողությունները. «Այդ աղետը, այդ ողբերգությունը հայտնի է բոլորիս. դա 2020 թ. 44-օրյա պատերազմն է, մեր բազմաթիվ զոհերը, նահատակները, մեր կորուստները և մեր ողբերգությունը»:

«Հիմնական հարցը, որ պետք է պատասխանենք՝ ինչու այդպես ստացվեց»,- ասաց վարչապետը:

Նա նշեց՝  ՔՊ կուսակցության՝ հանրությանը ներկայացրած ծրագրին հավատարիմ է մնացել, սակայն կա դեպք, երբ ծրագրին հավատարիմ մնալը հաջողություն է բերել, կա դեպք՝ անհաջողություն: Եվ Լեռնային Ղարաբաղի խնդրի պարագան հենց այդ մասին է:

«Ինչո՞ւ այդպես եղավ. որովհետև մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը պետք է օգտագործենք իշխանություն մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Եվ ինչպես մենք,  ներքաղաքական առումով փորձել ենք գնալ մեր պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով, համաձայն ՔՊ կուսակցության ծրագրի, նույն կերպ էլ մենք գնացել ենք ԼՂ խնդրի հետևից: Եվ մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք ԼՂ-ի խնդրին»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այն փաստը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրեն ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ ինքը հայտարարել էր՝ Արցախը Հայաստան էր, և վերջ, մի բանի մասին է վկայում՝
ՀՀ անկախության առաջին օրից սկսած, ըստ էության, ՀՀ անկախության հիմունքները հետևողականորեն քայքայվել և փլուզվել են:

«Որովհետև հռչակագրի ընդունման առաջին օրից հետո, փաստորեն, այս ծրագրից հետևողականորեն հրաժարում է տեղի ունեցել ա՛յն ժամանակ, երբ 1991-ին ԼՂ-ն հռչակում էր անկախություն, ա՛յն ժամանակ, երբ բանակցային գործընթացում այս ծրագրից կատարելապես հրաժարում տեղի ունեցավ և ա՛յն ժամանակ, երբ բազմիցս ասել եմ, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանում իշխող ուժը և մարդիկ, ըստ էության, ոչնչացրեց նաև ԼՂ-ի անկախության հռչակման իրավական հիմքերը, և մենք, իշխանության գալով, առերեսվելով այս իրավիճակին, փորձեցինք, մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որ Հայաստանի պետականության հիմունքները նորոգվեն:

Եվ մենք, ըստ էության, արձանագրեցինք, որ ՀՀ-ն, պետական իշխանության մակարդակով, 1998 թվականից մինչև 2018 թվականը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները: Հետո պարզեցինք, որ նույնիսկ մենք՝ մեր բոլոր ջանքերով, այլևս ի վիճակի չենք վերականգնել: Եվ պարզվեց՝ ոչ ոք ընդհանրապես չի ուզում վերականգնել, հակառակ դեպքում այդ քննադատություններն այդ շեշտադրումներով չէին հնչի»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո, իր առաջնային ջանքերն ուղղված են եղել ԼՂ-ի՝ որպես բանակցողի կարգավիճակի վերականգնմանը:

«Եվ մենք այստեղ էլ հավատարիմ ենք մնացել մեր տեքստերին: Բայց արդյունքում պարզվեց, որ այս բոլոր պատմություններն այլևս դուրս են Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից, քանի որ ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում, և միակ բանը, որ կարող է որոշել, հլու կատարել այլ տեղերում կատարվող և կայացված որոշումները: Եվ, այո՛, եթե մենք սխալ ենք կատարել, այդ սխալը հետևյալն է՝ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին;՛

Այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ-ի խնդրի համատեքստում, այդպես վարվել ենք, որովհետև հասկացել ենք, որ դրանով կկորցնենք ինքնիշխանությունը և պետականությունը: Մենք հասկացել ենք, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէ: Եվ պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ-ին, նրա անկախությանը, ինքնիշխանությանը և սուվերենությանը:

Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում՝ այսօր էլ ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ են:

Եվ մենք այսօր բարձր ու հստակ պետք է հայտարարենք ու արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկի չենք զիջի:

Եվ մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ