Որևէ բան որոշված չէ, կան մտքեր, գաղափարներ, որոնցից որևէ մեկը մերժված չէ. Փաշինյանը՝ անկլավների մասին

Աննա Կոստանյան 24.05.2023 - 17:34
24.05.2023 - 17:34 դիտում

Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց: Օրինակ՝ 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին:

ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հարց քաղաքական և իրավական կողմ ունի: Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը. մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ որ կա Արծվաշեն, որը պատկանել է ՀՀ-ին և անկլավներ, որոնք ՀՀ-ի տարածքում են և պատկանել են Ադրբեջանին: Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք: Ես ասել եմ, որ իրավական մակարդակում, առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված, մենք ունենք լրացուցիչ հարցեր»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման արձանագրումներից հետո հարց է առաջանում՝ ինչպես է լուծվելու անկլավների հարցը.

«Լուծելու երկու տարբերակ կա: Առաջինը՝ որը սահմանից այ կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ երկրի տարածքում: Օրինակ՝ հարց է նաև այն, որ պատկերացնո՞ւմ եք՝ մենք գնանք, ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, էն մյուսները թող մնան մեր տարածքում, բայց այստեղ էլ իրավական հարցեր ու նրբություններ կան, որովհետև ՀՀ ինքնիշխան տարածքից ո՞վ կարող է հրաժարվել: Էդտեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ և իմ պատկերացմամբ սա այն կետն է, որտեղ ճկունության մեծ տեղ կա»:

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ որևէ բան որոշված չէ, կան մտքեր, գաղափարներ, որոնցից որևէ մեկը մերժված չէ. եթե Ադրբեջանի հետ կլինի հստակ պայմանավորվածություն, ինքը կգա ու կասի՝ հարցի լուծման շուրջ հստակ պայմանավորվածություն կա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ