Որքան էլ գործունեության որևէ ոլորտ մեր սրտով չլինի, պետք է առաջնորդվենք առողջ տրամաբանությամբ. Թունյան

Աննա Կոստանյան 4.03.2025 - 12:07
4.03.2025 - 12:07 դիտում

Նախագիծը շատ մանրամասն քննարկվել է մեր հանձնաժողովում, ու որքան էլ գործունեության որևէ ոլորտ մեր սրտով լինի կամ չլինի, ամեն դեպքում, պետք է առաջնորդվենք առողջ տրամաբանությամբ, և պետք է այնպես անենք, որ որքան էլ մեր հետապնդած նպատակներն արդար ու արդարացված լինեն, մենք դրանով փորձենք հանկարծ այնպիսի իրավիճակի չբերենք, որ հակառակ էֆեկտ ստանանք: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված՝ խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագիծը:

Շնորհակալություն հայտնելով Հայկ Սարգսյանին, որ թեման կրկին քննարկման առարկա է դառնում, նշեց՝ նրա որոշ պնդումների համաձայն չէ:

«Նախ՝ առաջինը. կհիշեք՝ հանձնաժողովի նիստում պարոն Սարգսյանը պնդում էր, որ կա Կառավարության դրական եզրակացություն, բայց մենք այդ պահին դրական եզրակացություն չունեինք, հիմա պարոն Սարգսյանն էլ է նշում, որ ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը համաձայն չէին այն տարբերակին, որը առաջարկվում էր: Ոչ թե դեմ էին նախագծին կամ խստացնելուն ու սահմանափակումներին, այլ այն տարբերակին, որն առաջարկվում էր, որովհետև դա պարզապես նշանակում էր՝ մենք ոլորտին ասում ենք՝ փակվեք»,- պարզաբանեց Թունյանը:

Նա նկատեց՝ համաձայն չէ այն պնդմանը, որ վերջին շրջանում իրականացված քայլերը որևէ արդյունք չեն տվել:

Թունյանի խոսքով՝ այն գրաֆիկը, որը Սարգսյանը ցույց էր տալիս պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, թե ինչքան են աճել խաղադրույքները, ինքն այդ նույն գրաֆիկի հիման վրա հենց նույն թվերը հիմք վերցնելով՝ գրաֆիկ է կազմել:

«Սա աճի տեմպն է: Եթե նախորդ տարիներին ունեինք կրկնակի-եռակի աճ, 2023 և 2024 թվականին խաղադրույքների ծավալն աճել է միջինը 10 տոկոսով»,- նշեց Թունյանը:

Ինչ վերաբերում է հարկային բեռին, ըստ պատգամավորի, կա հարկային բեռերի համեմատման ընդունված չափանիշ: Համեմատության համար, որպեսզի հասկանան՝ ոլորտը նորմա՞լ է հարկվում, շա՞տ, թե՞ քիչ, վերցնում են ոչ թե խաղադրույքների ծավալի հետ են հաշվում հարկի չափը, այլ հաշվում են, այսպես ասած, GGR կոչվող ցուցանիշի նկատմամբ, այսինքն՝ շահումների և խաղադրույքների տարբերության:

Թունյանը ներկայացրեց վիճակագրությունը վերջին երկու-երեք տարիների ընթացքում:

«2022-ին ոլորտի հարկն այդ ցուցանիշով 16,6 տոկոս է կազմել, 2023-ին՝ մոտ 19 տոկոս, 2024 թվականին՝ 34 տոկոսից ավելի: Այս փոփոխությամբ ցուցանիշը կազմելու է մոտավորապես 45-50 տոկոս, ինչը աշխարհում համարվում է ամենաբարձր հարկային շեմերից մեկը»,- պարզաբանեց հարակից զեկուցողը:

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի պնդումներից մեկին, թե իրենք արհեստականորեն իջեցնելու են խաղադրույքների ծավալը, որպեսզի քիչ հարկեր վճարեն, նկատեց՝ 2022-ին, ի թիվս գործող հարկերի, ավելացվել է ևս մեկ հարկատեսակ՝ ամեն 100 միլիարդ խաղադրույքի իրավունքի համար այս ընկերությունները հավելյալ հարկ են վճարում:

«Այստեղ էլ պիտի հասկանանք՝ եթե մենք ընկերությունների տվյալները հիմք ենք վերցնում, որպեսզի ցույց տանք, որ խաղադրույքների ծավալն աճել է, ուրեմն պետք է նաև նկատի ունենանք, որ իրենք, ըստ այդմ, ավել հարկ են տվել»,- նշեց Թունյանը:

Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն է. ո՞նց է նախագիծը լուծում խաղամոլության տարածման խնդիրը:

«Գլխավորը դա է: Սրա լուծման ամենաճիշտ տարբերակը օրենսդրությունն է, որն ընդունել ենք, այսինքն՝ պետք է ունենանք խաղային ոլորտի օպերատոր, որը պիտի այս ոլորտի վերաբերյալ մեզ թափանցիկություն ու վստահություն ապահովի: Օրենքով գործընթացն այս տարվա մարտին արդեն պետք է սկսած լինի: Կարող է մի փոքր ձգձգվի, սակայն մենք ամեն ինչ պետք է անենք, որ գործն արագանա»,- հավելեց Թունյանը:

Նա գործընկերներին հորդորեց առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տալ նախագծին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ