Ոստիկանության ծառայողն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ

23.12.2023 - 16:18 դիտում
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները Hetq.am կայքի հրապարակման հիման վրա իրականացրած ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը:
Բացի դրանից՝ նա նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ:
Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:
Այսպիսով, իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ