Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը

Աննա Կոստանյան 1.05.2025 - 13:39
1.05.2025 - 13:39 դիտում

Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ ՆԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

«Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- ասվում է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ փաստաբան Արա Ղարագյոզյանը հրապարակել էր լուսանկարներ և տեսանյութ և հայտնել, որ ոստիկանների մասնակցությամբ բռնության դեպք է տեղի ունեցել:

«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»,- նշել էր փաստաբանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ