Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։
Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։
.jpg)
Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության ամրապնդման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման գործում ունեցել և շարունակում են ունենալ լրջագույն ներդրում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ դիմել է ոստիկանության զորքերի ծառայողներին և նշել, որ նրանց համազգեստը ոչ միայն աշխատանքի կամ ծառայության նշան է, այլև մեր քաղաքացիների և պետության հանդեպ վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես Ոստիկանության զորքերի կայացման, այնպես էլ պետականաշինության գործում անգնահատելի դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանները, որոնք դա ապացուցել են կյանքի գնով՝ սերունդներին ժառանգելով նվիրական ծառայության օրինակ։
Նախարարի խոսքով՝ կարևոր ու խորհրդանշական է, որ զորքերի կազմավորման 33-ամյակը համընկել է ոստիկանության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների փուլին, որն ուղղված է հանրային անվտանգության ապահովման նոր չափանիշների ձևավորմանը։
Բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ՝ ընդգծելով օրենսդրական դաշտի կարգավորման, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստման և սոցիալական երաշխիքների ապահովման կարևորությունը։
.jpg)
Նախարար Սարգսյանի խոսքով՝ գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով՝ այս ուղղությամբ կարևորելով ծառայողների ամենօրյա ինքնակատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նա վստահեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով, ինչը քաղաքացիներին կապահովի հասարակական կարգի պահպանման ավելի բարձր որակ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ են հանձնել մի խումբ ծառայողների։
Միջոցառման շրջանակում ոստիկանության զորքերը հանդես են եկել ցուցադրական վարժանքներով։
Տոնական միջոցառումը եզրափակվել է Ոստիկանության զորքերի երգի և պարի համույթի կատարումներով։