Ոստիկանները խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել

1.02.2022 - 19:14 դիտում

Աշտարակ քաղաքի մի տնից նոր տարվա գիշերը գողություն էին արել: Տեսել էին, որ տանը մարդ չկա, կոտրել էին դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էր 2 միլիոն 600 հազար դրամ, որսորդական հրացան, փաստաթղթեր, ոսկյա զարդեր, կենցաղային սարքեր:

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց դեպքից մեկ շաբաթ անց` հունվարի 7-ին: Օպերատիվ խմբի հետ նշված հասցե մեկնած փորձագետն ուսումնասիրեց դեպքի վայրը: Գողությունը դեկտեմբերի 31-ի ժամը 23-ից հունվարի 1-ի ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում էր կատարվել: Վնասի չափը մոտ 3 միլիոն 500 հազար դրամի էր:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդ, որոնցից մեկը՝ Աշտարակի, երկուսը՝ Էջմիածնի բնակիչ:

Կասկածվողները բերման են ենթարկվել բաժին: Էջմիածնի 49-ամյա բնակչի տանը կից թռչնանոցի խուզարկությամբ հայտնաբերվել է հինգ փաթեթ՝ ընդհանուր 975 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի տան խուզարկութամբ՝ որսորդական հրացանի փամփուշտ, 4 տարա՝ 3 կգ-ից ավելի կանեփանման զանգվածով, բնակարանից գողացած WI-FI և DVR սարքերն ու ոսկյա զարդերը: 30-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, որ գողությունն արել է ինքը:

Ըստ նրա՝ չհրկիզվող պահարանն ու որսորդական հրացանը նետել էր Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքով հոսող գետակը: Բերման ենթարկված տղամարդկանցից մեկը կալանավորվել է, մյուսը՝ ձերբակալվել:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ