Ողջունում ենք Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ Բելգիայի կառավարության որոշումը. Արարատ Միրզոյան

Աննա Կոստանյան 22.08.2023 - 14:21
22.08.2023 - 14:21 դիտում

Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ այսօրվա քննարկման առանցքում եղել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի ապօրինի արգելափակման հետևանքով: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Թե՛ նախորդ քննարկումներին, թե՛ այսօրվա հանդիպումների ընթացքում մանրամասն անդրադարձել ենք ԼՂ-ում իրավիճակի ծայրահեղ բացասական հետևանքներին:

Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին, դրա շրջանակներում, ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ միջազգային գործընկերների, կառույցների, այդ թվում՝ Բելգիայի, ԵՄ մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք:

Այդուհանդերձ, ի հեճուկս այդ բոլորի և հակառակ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուիսի 6-ի որոշումների՝ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ դա մյուսներից անջատ դրսևորում չէ:

Նախարարը նաև ընդգծեց, որ հայկական կողմը շարունակ ահազանգում է, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է ԼՂ հայերին էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը:

«Գործընկերոջս հետ քննարկումներին ընդգծել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը ԼՂ-ում, ինչպես նաև թիրախավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին հայկական դիրքերը: Ինչպես գիտեք, այդ մասին հայտնել է նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը:

Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները, և բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար հանձնառության կյանքի կոչումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, ինչպիսին է նաև անհայտ կորած համարվողների ճակատագրերի պարզաբանումը: Եվ այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի ամբողջ՝ 120 հազար բնակչությանը:

Կարծում ենք, որ այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայցև առաջին հերթին՝ ՀՀ ջանքերին: Եվ կարծում ենք, ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն՝ ձեռնարկելու գործուն քայլեր Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային, ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև ՀՀ-ում Բելգիայի դեսպանություն բացելու որոշմանը.

«Մեծապես ողջունում ենք Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ Բելգիայի կառավարության որոշումը: Այս որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների դինամիկ զարգացմանը»:

Ելույթի ավարտին նախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի Հանրապետության Կառավարության դիրքորոշումը, նպատակը, ցանկությունը՝ բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հասնելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ